Ադրբեջանի կլանային իշխանությունը, կամ «լավագույն» ավանդույթները շարունակվում են. 2008 թվականին WikiLeaks-ի գաղտնազերծած ամերիկյան պետքարտուղարության փաստաթղթերի համաձայն, Ադրբեջանի քաղաքական և տնտեսական լծակները գտնվում են երկու խմբերի՝ Հայաստանից փախստականների, ինչպես Ադրբեջանում է ընդունված ասել՝ «էրիվանլիների», և երկրի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքի՝ Փաշաևների ձեռքում, հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Լրատվամիջոցը մեջբերում է «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» լրագրողական կազմակերպության 2015-ի հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ ադրբեջանական 8 բանկեր, որոնք երկրի բանկային համակարգի 20 տոկոսն են կազմում, կապված են նախագահական ընտանիքի հետ։ Նախագահի աշխատակազմը չի հերքել տեղեկատվությունը։
«Սա միակ հետաքննությունը չէ երկրի ղեկավարի հետ կապ ունեցող խմբերի կողմից բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ»,- գրում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը։
Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը նշում է, որ իշխանությունների մերձավորներով շրջապատված լինելու ավանդույթը տասնամյակների պատմություն ունի, գալիս է Ալիև հոր իշխանության տարիներից։ 1970-ականների վերջերին Հեյդար Ալիևը որոշեց երկրի պատասխանատու պաշտոնները վստահել հայրենակիցներին՝ նախիջևանցիներին։ Նրանց միավորումը, ինչպես ադրբեջանցի վերլուծաբաններ են նշում, այժմ պաշտոնական բնույթ է ստացել՝ ի դեմս «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցության։ Ըստ այդ պնդումների, հենց այս կուսակցությունն է նախիջևանյան կլանի շահերի ու նպատակների քաղաքական գաղափարախոսական ջատագովը։
«Ազատության» ադրբեջանական ծառայության 2014-ի հետաքննության համաձայն, պետական կառավարման համակարգում աշխատող 44 պաշտոնյաների մի մասը կամ հայրեր են, կամ ծնվել են Հեյդար Ալիևի հայրենի բնակավայրում, կամ Հայաստանից փախստական ընտանիքներից են։
Իլհամ Ալիևի վարչակարգի կոշտ քննադատներից մեկի՝ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովի խոսքով, ադրբեջանցի նախարարներից շատերը նախընտրում են մերձավոր ազգակիցներին աշխատանքի չընդունել գերատեսչություններում։ «Նրանք իրենց մերձավորներին այլ գերատեսչություններում են տեղավորում։ Մեր արտգործնախարարությունում բազմաթիվ պաշտոնյաների որդիներ են աշխատում»,- նշում է 20 տարի Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում աշխատած Մամեդովը։
Mia.az լրատվական կայքի տվյալներով՝ վերջերս երկրի ներքին գործերի նախարարության շրջանային բաժանմունքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված Նազիմ Հասանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի որդին է։ Իշխանությունները չեն մեկնաբանել այս նշանակումը։
Ըստ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, կլանային իշխանությունը կոռուպցիայի տեսակներից մեկն է։ Բազմաթիվ երկրներում այդ օրենքը խախտելու համար պատիժ է սահմանված։ Օրինակ՝ Կարմիր խաչի նորվեգական կոմիտեի ղեկավարը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել հիվանդանոցի վերանորոգումը իր եղբայրների կողմից ղեկավարվող ընկերությանը պատվիրելու համար։